«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը սեպտեմբերին ներկայացվել է ուսումնական հաստատությունների քննարկմանը։ Սպասվող փոփոխությունները դեռևս քննարկման փուլում են, այնուամենայնիվ՝ նախագծի աշխատանքային տարբերակը հասցրել է բուռն քննարկումների տեղիք տալ մասնագիտական շրջանակներում։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն այսօր հրավիրված քննարկմանը ընդգծեց․
«Բարձրագույն և հետբուհական կրթության մասին գործող օրենքը 2004 թվականին է ընդունվել, ասինքն՝ 15 տարի առաջ։ Բարձրագույն կրթության համակարգում էական փոփոխություններ են կատարվել։ Օրենքը ընդունվել է 2004 թվականին, 2005 թվականին մենք միացել ենք Բոլոնիայի գործընթացին»։
Նրա խոսքով՝ մեր գործող օրենքը չի արտացոլում նոր իրողությունները։
Գիտական հաստատությունների և բուհերի միացման շուրջ հնչող քննադատությունները նախարարի խորհրդականը շատ պարզունակ հետևություն է համարում․
«Գիտական կազմակերպությունները ադմինիստրատիվ որոշումներով միացնել բուհերին, սա մի ոճ է, որը հավանաբար ընդունված է եղել տարիներ շարունակ, բայց այս օրենքի ամբողջ գաղափարախոսությունը ազատականությունն է, ինքնավարությունն է թե՛ կրթական գործի, և թե՛ հետազոտությունների առումով, հետևապես՝ այդպիսի մտավախություն չկա»։
«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանին չի բավարարում հետհեղափոխական Հայաստանի կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների որակն ու արագությունը․
«Չեմ կարծում, թե որևէ մեկը հստակ կարող է ասել, թե բարձրագույն կրթության մասին օրենքը երբ կընդունվի, բայց ժամանակը գնում է, մենք ժամանակ ենք կորցնում»։
Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանի համոզմամբ՝ օրենքը մեկ քայլ առաջ է այն առումով, որ արտացոլում է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ մեր բարձրագույն կրթության համակարգը փորձում է առաջ գնալ․
«Այս օրենքի ամենամեծ նպատակը գիտությունը և կրթությունը միավորելն է, այսինքն՝ փորձել համապատասխանեցնել այս երկուսի համահունչ գործունեությունը»։
Խոսելով հանրային բուհերի կառավարմանն առնչվող փոփոխությունների մասին՝ Աննա Գևորգյանն ընդգծեց․
«Ես կուզեի, որ մենք լայն քննարկման դնենք այն մեխանիզմը, որով ձևավորվում է հոգաբարձուների կառավարման խորհուրդը և տեղ է տալիս հանրային բուհերի կառավարման համար»։
Նա անդրադարձավ նաև կրթության մատչելիությանն ու հասանելիությանը առնչվող խնդիրներին․
«Հիմնական խոսքը գնում է այն մասին, որ պետական աջակցություն տրամադրվում է այն ուսանողներին, ովքեր ընդունվել են մրցութային կարգով, առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներ են, հաշմանդամություն ունեցող անձինք են և այլն, բայց այստեղ մեծագույն մի խումբ բացակայում է, խոսքը սոցիալ–տնտեսական մեծագույն խնդիրներ ունեցող խմբի մասին է, որովհետև երբ մենք տարբեր թվեր ենք նայում, տարբեր զեկույցներ ենք ուսումնասիրում, տեսնում ենք, որ աղքատությունը մեծագույն խոչընդոտ է ուսանողների համար՝ շարունակելու բարձրագույն կրթությունը»։
Տես ավելին՝ https://a1plus.am