Հարկային եւ մաքսային վարչարարություն

ՊԵԿ բարեփոխումների երկրորդ փուլի հիմնական ուղղություններ

1. Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների հետ վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում:

2. ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում (pre-filing) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով:

3. Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների և հումքի համար:

4. Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ:

5. Հարկ վճարողների կողմից տարվա արդյունքներով իր վճարած հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում էլեկտրոնային եղանակով, եթե հարկ վճարողը դիմել է նման տեղեկատվություն ստանալու համար:

6. Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում, ինչը նշանակում է, որ մաքսային հսկողությունը սահմանին նվազագույնի է հասցվում, փոխարենը տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է, որ մաքսային հսկողությունը լինելու է հետբացթողումային փուլում: Այդ նպատակով ներդրվելու է ռիսկերի կառավարման համակարգ: 

7. Տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման գործառույթի իրականացում (մաքսային ծառայությունների մատուցում)՝ պահպանելով նաև ինքնահայտարարագրման և մաքսային ներկայացուցիչների միջոցով հայտարարագրման հնարավորությունները:

8. Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում:

9. ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու և այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է):

10. Անվերապահորեն շարունակել ստվերային շրջանառությունների կրճատմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ներառելով նաև հետևյալ գործիքակազմը.

  • Ներդնել հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր՝ ռիսկային հարկ վճարողների համար կազմելով «ստվերի անձնագրեր»
  • Ներդնել կատարվող գնումների դիմաց անկանխիկ եղանակով վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ եղանակով գործարքների սպասարկման համար բանկերին վճարվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով: